ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Հուդայից էլ ավելի դավաճան և ավելի վատ «հոգևորականներ», դուք կամ Աստծո գոյությանը չեք հավատում, կամ էլ խաբվել եք, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է

Հուդայից էլ ավելի դավաճան և ավելի վատ «հոգևորականներ», դուք կամ Աստծո գոյությանը չեք հավատում, կամ էլ խաբվել եք, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է
22.01.2026 | 10:30

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ելած դավաճան «հոգևորականներ», չզարհուրեցի՞ք ձեր այդ ընտրության հետևանքներից, չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ելած, նրա հրաժարականը պահանջող, բարոյականության, իսկ ձեզանից ոմանց դեպքում նաև օրենքի սահմաններն անցած «հոգևորականներ», որ դեռ անարժանիորեն ունեք քահանայի, եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի կոչում, դո՛ւք, որ Աստվածաշունչ եք կարդացել ու նույնիսկ ճեմարան ավարտել, չգիտեի՞ք Հուդայի հետ կապված ամբողջ պատմությունը… Չգիտեի՞ք դավաճանության ոչ միայն իրավական, այլև հոգևոր ու բարոյական հետևանքները…

Վստահ եմ, գիտեիք, բայց ընտրեցիք ոչ թե Աստծուն, այլ Սատանային ծառայելու ճանապարհը, և, ուրեմն, պատրաստ եղեք ճաշակելու տվյալ ճակատագրական ընտրության ողջ դառնությունը…

Չզարհուրեցի՞ք ձեր այդ ընտրության հետևանքներից… Չէ՞ որ դուք Հուդայից էլ ավելի դավաճան և ավելի վատն եք: Հուդան զարհուրեց իր արարքից, զղջաց և, ինչպես հայտնի է, դիմեց նույնիսկ ինքնասպանության, բայց դուք դեռ չեք զղջացել, նույնիսկ դրա նշանները չեք արտահայտում ու դրանով իսկ հուշում, ոչ չեք զարհուրում ձեր դավաճանական արարքի ահավոր հետևանքներից: Հետևաբար ձեզ նույնիսկ Հուդա չի կարելի անվանել, այլ միայն հուդա՝ «դավաճան» բառի հոմանիշը լինելու առումով:

Ձեր վերոնշյալ վարմունքը, կարծում եմ, հնարավոր է միմիայն երկու դեպքում՝ կամ իրականում Աստծո գոյությանը չեք հավատում, անցած ժամանակաընթացքում և այժմ էլ հոգևոր ծառայությունը ձեզ համար եղել է ընդամենը փող աշխատելու, հարստանալու, հոգևոր կոչում ունենալու, շրջապատում, իսկ ձեզանից ոմանց պարագայում նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս պատիվ ու հարգանք վայելելու միջոց (վերջինը, հիասթափեցնեմ ձեզ, արդեն չունեք), կամ էլ հավատում եք Աստծո գոյությանը (ինչպես, ի դեպ, Սատանան էլ է հավատում, ավելին՝ նույնիսկ համոզված է դրանում), բայց ինչ-որ սատանայածնունդ կամ սատանայածառա անձինք, միգուցե մասոնական օթյակներում կամ մորմոնական կառույցներում, խաբել ու հավատացրել են ձեզ, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է ու մեծ պատերազմի արդյունքում, ի վերջո, նա է հաղթելու: Այդ դեպքում չարաչար սխալվում եք, իսկ դավաճանության, ուրացման, Աստծուն ծառայելու փոխարեն, Սատանային ծառայելու ճանապարհն ընտրելու դիմաց հատուցելու եք ամենադաժան կերպով, որը հնարավոր է պատկերացնել, քանզի գալու է Աստծո ահեղ դատաստանի առջև կանգնելու ժամանակը:

Ամենևին մի վրդովվեք, որ ձեր պարագայում «հոգևորականներ» բառը չակերտավորեցի: Նույնիսկ ես՝ ամենավատ և ամենանվաստ հավատացյալս, ինչպես բոլոր հավատացյալները (խոսքս, անշուշտ, եկեղեցիներ գրոհելիս, պաշարելիս նեռիկին հետևող խուժանի ու Նիկոլ հայադավի նման մյուս կեղծ հավատացյալների մասին չէ), ձեզ այլևս հոգևորական՝ այդ բարձր ու վեհ կոչմանն արժանի չեմ համարում: Այո՛, սկզբունքորեն ու կտրականապես հրաժարվում եմ ձեզանից որևէ հոգևոր ծառայություն ընդունել՝ անկախ նրանից, որ որոշներդ դեռ կարգալույծ արված չեք Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդուրժողականության և իրավիճակն էլ ավելի սրելուց խուսափելու հետևանքով:

«Բոլոր այն «հոգեւորականները», որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգեւոր կոչումը, պարպւում են իրենց մարդկութիւնից եւ հայութիւնից, վաճառում են իրենց խաչը նիւթի դիմաց՝ եւ անհամար հայորդիների թափած արիւնը պաշտօնի, աթոռի եւ երկրաւոր խոստումների դիմաց, եւ միանում են դաւաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՒԱՏՔ եւ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ծախեցին, թող ինքնուրոյն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, եւ դաւաճան են այս Հայրենիքին, այս ազգին եւ նրա բոլոր նպատակներին, ոգիին, եւ անցնում են թշնամու շարքերը։

Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արեան, մեր պատմական եւ ներկայ Հայրենի հողին եւ դրա սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանութեան կողքին։

Ահա ժամանակն է իմանալու թէ ովքեր են տաք կամ պաղ ըստ Յայտնութեան սրբատառ տողերին, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արեան համար, եւ ովքեր են որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էութիւնը… »,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Լաս Վեգասից գրել է ամերիկաբնակ քահանա տեր Սերոբ Ազարյանը:

«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը… Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է տեր Եփրեմ Հարությունյանը:

Ավելորդ չեմ համարում ներկայացնել նույն սոցիալական ցանցում հոգևորականների գրառումներից ես եկուսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը «ԽՈՍՔ ԱՌ ՍԻՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄՅԱՆ» վերտառության ներքո գրել է.

«Սիոն սրբազան,

Սրտիս խորը ցավով և հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետևյալն եմ հնչեցնում.

Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին:

Դուք եք ինձ ձեռնադրել ու օծել քահանա, Դուք եք նաև իմ վեղարի տվչությունը կատարել: Եվ որպես իմ սիրելի հոգևոր ծնող՝ Դուք միշտ եղել եք իմ աղոթքներում:

Այլևս Դուք չե՛ք լինելու իմ աղոթքների մեջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարվեցիք աղոթական սուրբ միությունից: Տիրոջ Սբ Սեղանի առջև անարգանք է Ձեր ներկայությունն ու Ձեր «աղոթքը»:

Եվ ի՞նչ օրինակ եք Դուք հոգևորականության ու հավատացելոց համար…

Շատ եմ ցավում, շատ եմ ցավում, շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազոր Աստված գիտե՛, ճշմարտապե՛ս գիտե, թե ինչպես հատուցել Հուդային ու Կայենին:

Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լիներ…»:

«Վերահաստատում եմ ուխտս՝ հավատարիմ մնալով Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը»»,- գրել է տեր Օշին քահանա Հայրապետյանը:

Ահա, ինձ և բոլոր հավատացյալների համար նրա՛նք են հոգևորականները՝ տեր Սերոբ Ազարյանը, տեր Եփրեմ Հարությունյանը, հայր Ասողիկ Կարապետյանը, նույն դիրքորոշումն ունեցող բոլոր մյուս հոգևորականները, և ոչ թե հոգևորական ձևացողները: Դավաճաններ, նայեք նրանց և ամաչեք, եթե, իհարկե, ամոթի ինչ-որ նշույլ ունեք:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ